Սկիզբ » Ուսումնական նյութեր » Թեյնիկներին » Կյանքը հեշտացնող Total Commander

Կյանքը հեշտացնող Total Commander

| Հուլիս 15, 2015 | Մեկնաբանված չէ |

Բարև Ձեզ։ Կփորձեմ պատմել, իմ կարծիքով, մի հրաշալի, բավականին հարմար և անհրաժեշտ ծրագրի մասին՝ Total Commander։

Պատմական փոքրիկ ակնարկ։

Առաջին տարբերակը թողարկվել է 25.09.1993 թ.-ին Քրիստին Գրիսլերի կողմից։ Ի սկզբանե ծրագիրը անվանվում էր Windows Commander, սակայն Microsoft ընկերության կողմից ներկայացված առարկությունների պատճառով այն անվանափոխվեց Total Commander։ Ծրագիրը թարմացվում է մինչ օրս տարբեր ՕՀ-երի համար (Windows NT, Windows CE, Windows Mobile, Android):

Բուն թեման

Total Commander-ը իրենից ներկայացնում է ֆայլերի ղեկավարման ծրագիր, որի աչքի զարնող հիմնական տարբերությունը լռելյայն տեղադրված ծրագրերից իր զույգ պատուհաններն են։ Վերջիններս թույլ են տալիս աշխատել միարժամանակ երկու թղթապանակների հետ։ Աշխատել ասածի մեջ մտնում է ոչ միայն հասարակ copy, cut, past, և այլն, նաև համեմատել թղթապանակների պարունակությունը, կատարել արխիվացում (անհամեմատ արագ, հարմար և ամենակարևորն առանց հավելյալ ծրագրերի), կատարել խմբակային անվանափոխություն, դիտել առաջնային անհրաժեշտության ինֆորմացիան՝ թե՛ թղթապանակի, թե՛ ֆայլի վերաբերյալ, և այլն։

Այսքանը ընդհանուր տեղեկություն առաջնային հնարավորությունների մասին, բայց սա միայն հասարակ օգտագործողներին։ Մի քիչ ավելի ընդլայնված օգտագործողների համար ունի ներկառուցված FTP հաճախորդ, ֆայլերի մասնատում, բազմապիսի հավելումներ և այն մարդկանց համար, ովքեր չեն սիրում օգտագործել ծրագրերի լռելյան ինտերֆեյսերը, կա հնարավորություն ձևափոխել տեսքը ու ավելացնել նոր պանելներ։

Ծրագրի կառուցվածքը։

Ծրագրի դասական տեսքը ներկայացված է նկար 1-ում։

01Նկար 1.

Հիմա մասնատենք հիմնական տեսքը և հասկանանք, թե որ հատվածում ինչ կարող ենք տեսնել ու գտնել։ Մասնատման համարակալումը տե՛ս նկար 2-ում։

02

Նկար 2.

  1. Հիմնական Գործիքներ – Այստեղ տեղ են գտել այն գործիքները, որոնք օգտագործվում են հաճախ՝ թղթապանակների դասավորման ձևեր, գործողությունների հետ ու առաջ անել, բացել կամ ստեղծել արխիվ, փնտրել, կատարել խմբակային անվանափոխություն, համազորեցնել երկու թղթապանակներ, կապ հաստատել FTP համակարգով և այլն։
  2. Սկավառակներ – Այս տողում երևում է, թե ինչքանից ինչքան ազատ տեղ ունի այն սկավառակը, որի հետ մենք այս պահին աշխատում ենք։ Ինչպես նաև այստեղից ենք փոխում մեր աշխատանքային սկավառակը (իհարկե ես անձամբ նախնտրում եմ օգտվել արագ հրամաններից՝ Alt+F1 և Alt+F2՝ համապատասխանաբար աջ և ձախ կողմերի համար)։
  3. Տեղորոշիչ Տող – Այս տողում երևում է, թե մենք այս պահին, որ կատալոգում ենք գտնվում։
  4. Կանոնակարգող Սյունակներ – Սյունակները կանոնակարգում են մեր կատալոգները տարբեր պայմաններով, օրինակ՝ ըստ անունի, տեսակի, չափի, փոփոխության ժամանակագրության և այլն։
  5. Հիմանական Պատուհաններ – Այն պատուհաններն են, որոնցում մենք աշխատում ենք, տեսնում ենք թղթապանակների պարունակությունը։ Մեկից մյուսը արագ թռիչք կատարում ենք Tab ստեղնի միջոցով։
  6. Տեղեկատվական Տող – Ցույց է տալիս մեր նշած կատալոգների քանակը և չափը։
  7. Հրամանների Տող – Ինքը փոխարինում է Windows-ի Հրամանների տողին (անգլ. Command Line կամ հայտնի նաև Սև Էկրան անունով)։
  8. Գործողություններ Կատալոգների Հետ – Այստեղ տեղադրված են առաջնային գործողությունները, որոնք կատարվում են կատալոգների հետ Հիմնական Պատուհաններում։ Դրանք են՝ Դիտել (արագ հրաման F3), Խմբագրել (F4), Կրկնօրինակել (F5), Տեղափոխել (F6), Ստեղծել Թղթապանակ (F7), Ջնջել (F8), Դուրս Գալ Ծրագրից (Alt+F4)

Պատմեմ թե ինչի համար եմ ես օգտագործում TC-ը։

Առաջինը հարմարավետությունն է, երկրորդը՝ արագ աշխատելու համար ընձեռած պայմանները։ Կփորձեմ մի քանի օրինակներով ներկայացնել դրանք։

Օրինակ 1.

Խնդիրը – Ունենք ինչ-որ «Ա» թղթապանակ, որի մեջ կան բազմազան ֆայլեր, որոնցից մի մասը անհրաժեշտ է տեղափոխել կամ կրկնօրինակել «Բ» անունով թղթապանակի մեջ։

Լուծումը – Հիմնական պատուհաններից մեկում բացում ենք «Ա» թղթապանակը, իսկ մյուսում համապատասխանաբար «Բ»-ն։ Այնուհետև «Ա»-ում բացատի օգնությամբ (բացակայում է ctrl+ գաղափարի պրոբլեմները) նշում ենք այն ֆայլերը, որոնք պետք է տեղափոխվեն։ Սեղմում ենք F5 կամ F6 (կրկնօրինակել, տեղափոխել)։ Հաստատում ենք մեր ցանկությունը կամ բզբզում ենք առաջարկվող կարգավորումներում (սրանք առանձին պատմություն են)։

Օրինակ 2.

Խնդիրը – Ունենք ինչ-որ «Ա» թղթապանակ, որի մեջ կան բազմազան ֆայլեր, որոնցից մի մասը անհրաժեշտ է միավորել մեկ արխիվում։

Լուծումը – Հիմնական պատուհաններից մեկում բացում ենք «Ա» թղթապանակը, իսկ մյուսում այն թղթապանակը, որի մեջ կցանկանանք տեղադրել մեր արխիվը։ Այնուհետև «Ա»-ում բացատի օգնությամբ նշում ենք այն ֆայլերը, որոնք պետք են արխիվացման համար։ Սեղմում ենք alt+F5, ընտրում ենք մեզ անհրաժեշտ արխիվացման տարբերակը և հաստատում։ Արխիվացման տարբերակների հետ մեկտեղ այն մեզ առաջարկում է նաև այլ պարամետրեր, օրինակ. ջնջել նախնական ֆայլերը արխիվացումից հետո, կամ գաղտնաբառ տեղադրել արխիվի համար, և այլն։

Օրինակ 3.

Խնդիրը – Կարիք կա կատարել ֆայլերի/թղթապանակների միանման անվանափոխություն, այսինքն բոլոր ֆայլերը/թղթապանակները կունենան մի ինչ-որ ընդհանուր ձև և իրարից կտարբերվեն ասենք միայն հերթական համարով կամ կոնստանտ անվանը կից կավելանա իր ստեղծման ամսաթիվը կամ ……, բայց նրանք այնքան շատ են, որ հատ-հատ անելու համար մենք շատ ալարկոտ ենք (իմ տարբերակում այդ քանակը 3 և ավելին է)։

Լուծումը – Նշում ենք ֆայլերը/թղթապանակները, սեղմում ենք ctrl+m, բացվում է մի պատուհան, որտեղ տալիս ենք մեզ անհրաժեշտ ձևաչափը և հաստատում։

Օրինակ 4.

Խնդիրը – Ունենք թղթապանակների բազմություն, որոնցում կան զանազան ընդլայնումներով ֆայլեր և մեզ անհրաժեշտ է դրանցից տարանջատել մեկ տեսակը, ասենք *.jpg ընդլայնում ունեցող ֆայլերը։

Լուծումը – Հասնում ենք մեր թղթապանակների բազմության սկզբին։ Կատարում ենք փնտրել (alt+F7) հրամանը, բացված պատուհանում տալիս ենք մեր ընդլայնումը, տվյալ դեպքում *.jpg (աստղիկը պարտադիր) ու փնտրում ենք։ Մեզ տրամադրած արդյունքի ներքևի մասում սեղմում ենք Feed to listbox (ցույց տալ ցանկով)։ Ներկայացված արդյունքը արդեն տարանջատում ենք մեզ անհրաժեշտ տեղում։ Հավել եմ նաև, որ TC-ի փնտրելու գործիքը մի քանի անգամ արագ է փնտրում, քան Windows-ի լռելյայն փնտրողը և ունի ավելի շատ պարամետրեր ֆիլտրելու համար։

Օրինակներից դուրս ասեմ ևս մի գործիքի մասին, որը շատ անհրաժեշտ և օգտակար է, դա արագ դիտումն է՝ ctrl+Q։ Սա մեզ հնարավորություն է տալիս պատուհաններից մեկը օգտագործել որպես տեսադաշտ։ Ասենք, երբ նկարի վրա կիրառենք այս գործիքը նկարը կբացվի մեր աշխատանքային պատուհանի հակառակ պատուհանում, կամ տեքստը կամ ….։

Վերոնշված բոլոր ստեղնաշարային հրամանները, իհարկե, ունեն իրենց անալոգները մկնիկով կտտցնելու համար։

Քանի որ TC-ը ունի բավականին ճկունություն, ունի նաև շատ տարատեսակներ։ Դրանք իրարից տարբերվում են գունազադումներով, հավելումների քանակով, կցված ծրագրերով և այլն։ Ասեմ, որ ցանկացած մարդ կարող է ձևավորել իր հարմար մի նոր TC։ Անձամբ ինձ համար ամենահարմարը, որ ես գտել եմ SamLab – ի կողմից հավաքած փաթեթն է։

Հուսով եմ օգտակար ինֆորմացիա տրամադրեցի։

Մնաք բարյավ։

Կյանքը հեշտացնող Total Commander, 9.8 out of 10 based on 5 ratings

Նշագրեր: , , ,

Բաժին: Թեյնիկներին, Ծրագրեր

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 9.8/10 (5 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

280