Սկիզբ » Ժեշտ » ONEPLUS ONE. դրոշակակիր խելախոսների չոռն ու գրողը

ONEPLUS ONE. դրոշակակիր խելախոսների չոռն ու գրողը

| Սեպտեմբեր 1, 2014 |

Հենց սկզբից ասեմ, որ երկար եմ գրելու ու սույն գիրս, ես կասեի՝ տեխնոգիրս ուղղելու եմ էս տեխնոզրթիկից տեղյակ ու դրանով հետաքրքրված ընթերցողներին միայն։ Բոլոր երեքին։

Բայց դե մի թեթև ներածություն կտամ նաև զրթիկից անտեղյակ բայց պրպտուն մտքի տեր մնացյալ ընթերցողաց համար էլ… որ էդ չորս հոգին էլ իմանան ինչի մասին է խոսքը։

OnePlus-One-Press-Image-3ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

ONEPLUS ONE խելախոսի մասին լսեցի ապրիլի կեսերին։ Մի քանի տեխնոկայքեր ներկայացնում էին էս նորահայտ խելախոսը որպես flagship killer, ասել է թե՝ մնացած բրենդների առաջադեմ մոդելների չոռն ու գրողը։ Փորոտիքն էլ՝ հրես.

 

    • Qualcomm 801 քառամիջուկ պրոցեսոր,
    • 3 ԳԲ օպերատիվ հիշողություն (հեչ վատ չի),
    • 1920×1080 401ppi-անոց LTPS IPS էկրան՝ gorilla glass 3-ով ու 5.5” անկյունագծով,
    • 64ԳԲ հիշողություն,
    • 3,100 mAh մարտկոց (իսկի վատ չի),
    • 13 մեգապիքսելանոց ու 6 ոսպնյականոց 4K մեծության տեսանկարահանող հետևի ֆոտոխցիկ ՍՈՆԻ-ից (720p տեսանկարահանման դեպքում մինչև 120fps)
    • 5 մեգապիքսելանոց դիմացի ֆոտոխցիկ,
    • դե, ու մնացած զրթիկները ու էս ամենը՝ խցկած 162 գրամ քաշի մեջ ու, ուշադրությո՛ւն, 350 ամերիկական դոլար գնի մեջ։
    • քիչ էր մնում մոռանայի. OS-ը՝ Cyanogenmod 11S՝ առաջին անգամ որպես խելախոսի պաշտոնական ծրագրային միջուկ։ Սա արդեն որոշիչ է։

Հրա՜շք… Առաջին հայացքից էլ երևում է, որ խաղալիք չի։ Բայց…

 Դե, էսպիսի դեպքերում առանց «բայց»-երի հնարավոր չի։

«Բայց» համար մեկ. նորաստեղծ արտադրողի առաջին ապրանքն է։

«Բայց» համար երկու. էդ արտադրողը նորաստեղծ լինելուց բացի նաև չինացի է։

Հա, մոռացա, մի «բայց» էլ կա… էս հեռախոսին տիրանալն էլ խաղ ու պար չի. վաճառքում չկա։ Չկա, որովհետև քիչ է արտադրվում ու քանի որ քիչ է (ու քանի որ նորաստեղծ ֆիրմա է, ու քանի որ մարքեթինգի վրա առանձնապես գումարներ չեն ծախսել) էս չինացիք շատ օրիգինալ մեխանիզմ են հորինել իրենց զրթիկի տարածման համար։ Ասում են՝ էկեք մեր ֆորումում հյուրնկալվեք, գյալաջի, զրից արեք, անեկդոտներ պատմեք, մեր էջերը շեյր ու լայք արեք, մենք էլ մանրից կսկսենք էդ հավատարիմ ֆոռումականներին հրավերներ ղրկել որ իրավունք ստանան մեր տեխնոզրթիկը պատվիրելու ու առաքել տալու մեր ասած տասնվեց երկրներից որևէ մեկը։ Չէ, Հայաստանը դրանց ցուցակում չկա։

Դե, բնականաբար հետաքրքրեց (մանավանդ որ ծերուկ HTC One X+ն արդեն կարապի երգի առաջին նոտաներն էր սկսել շվշվացնել)։ Գրանցվեցի, խորացա, ձեռք բերեցի, օգտագործում եմ, կիսվում եմ։

ՄԱՐՔԵԹԻՆԳԸ

Չինացիք ժրել են։ Սա նույնքան համոզված եմ պնդում, ոնց հայտնի չկայացած քաղաքական գործիչը պնդում էր իրենից մի քիչ (շատ քիչ) ավել հայտնի այլազգի քաղաքական գործիչներին մոտ ապագայում (որ արդեն վաղուց անցյալ է դարձել) «բադասխանի» կանչելու անխուսափելիության մասին։ Նախ՝ չինական մուտիտների միջոցով չին մուտիլովշիկներին հաջողվեց մոտ հարյուր հազար (արդեն երկու հարյուր) ձեր խոնարհ ծառայի պես անմեղ ու պարզհոգի անձնավորությունների ծառայեցնել իրենց ապրանքի առաջխաղացման գործին։ Ձրի։ Չեմ հիշում՝ դրանց բիձեքից Լաո Ցզին էր ասե՞լ, թե՞ Սի Ցզինպինը, թե. «絕智棄辯,民利百倍;絕巧棄利,盜賊無有;絕偽棄虑,民復季子»։ Հենց տենց էլ ասել էր։ Չգիտեմ ինչ ի նկատի ուներ։ Ինչևէ, շեղվեցի։

Ուրեմն էս չինացիք ինչ են արել. նախ՝ վերցրել են տարբեր բաղադրիչներից ըստ նախորոք լավ (ահագին լավ) նախագծած դիզայնի ու կառուցվածքի հավաքել են մի խելախոս, ընդ որում բոլոր բաղադրիչները ըստ էության նույնն են, ինչ ցանկացած այլ բրենդի խելախոսներինը (Քուալքոմից՝ պրոցեսոր, ՍՈՆԻ-ից ֆոոխցիկ, էն մեկելից հիշողություն, Ֆլանից՝ էկրան, Ֆստանից… չէ, Ֆստանից ոնց որ բան չէին վերցրել)։ Ասել կուզի՝ մեկ է այֆոն կառնեք, սամսունգ, թե էս չինական զրթիկը, փորոտիքը հիմնականում նույն ծագումն ունի։

Հետո էս հեռախոսի ապագա ներկայացման մասին մի երկու ստից լուր են ֆռռացրել պատկան մեդիայի (անդրոիդոսորիթիատիպ) միջոցով (հասարակ մամլո հաղորդագրություների մակարդակի), ճոռո անուն էն մեջ գցել, թե հեռախոս ենք հանում, որ եղածների վերջը տալու է, ու «պառաժը» գցել են որոշ մարդկանց ջանները։ Էս մարդիկ գրանցվել են սրանց ռեսուրսներում, համոզվել են, որ դրանք պրոֆեսիոնալ պատրաստված են, ամեն ինչ՝ տեղը տեղին, ու ակամա սկսել են սրանց նյութերն իրենք տարածել սոցցանցերում ու ֆորումներում։ Ձնագնդիկի էֆֆեկտով սույն թվի փետրվարից, երբ առաջին անոնսները եղան մինչև նույն թվի ապրիլ արդեն մոտ 50-60 հազար մարդ կար նստած ֆորումներում, դրանց մի ստվար մասը՝ ակտիվ։

Երբ ես միացա, արդեն բոլորի քամակները մռմռում էին, թե երբ իրենց կհասնի էդ բաղձալի ապրանքը գնելու շնորհը։ Արգելված պտուղը քաղցր լինելու աքսիոմը էս անգամ էլ հստակ աշխատեց։

Միաժամանակ չին պրպտուն միտքը հանգիստ չէր նստում. OPO-ի (դե ONEPLUS ONE-ի, էլի) մի քանի ընտիր (սա կարևոր պահ ա) էկզեմպլյարներ ձրի ղրկեցին մի շարք մեդիա ռեսուրսների (անդրոիդ մենթանդրոիդ ավտարիծետ… էլի ահագին տեղ) ու հրաշալի ռեվյուներ ստացան։

Ստացվեց, որ վանպլյուսականներին հաջողվեց իրոք արդյունավետ ապրանքի առաջխաղացում անել առանց մարքեթինգի վրա լուրջ ծախսեր կատարելու։

Capture

ՎԱՃԱՌՔՆԵՐԸ

Ի սկզբանե էստեղ էլ չինացիք օրիգինալ լուծում էին մտածել. չբացել ներկայացուցչություններ որևէ երկրում, այլ խելախոսները ուղղակիորեն առաքել գնորդներին, այդպիսով խուսափելով տարբեր երկրներում տարածքների վարձակալման, վաճառողներ, սպասարկող անձնակազմ պահելու ահռելի ծախսերից։ Ա շտոժ։

Բայց ա՛յ, վաճառքների ծավալների հարցում չինացիք ահագին պրոբլեմներ ունեցան։ Սկզբում խոստացել էին մայիսի վերջերից սկսել բաժանել OPO գնելու «հրավերներն» ու հունիսի վերջերին հասնել խելախոսի «համընդանուր հասանելիության»։ Առռը հա։ Սկսվեց ֆորումականների հետ մուկն ու կատու խաղալու երկարուձիգ գործընթացը։ Էն, ինչ որ վանպլյուսականներն անվանում էին «հրավերների փոթորիկ», իրականում 2,500 քրչոտ հրավեր էր։ Մի պուտ ջուր ծարավների բազմության համար ու էստեղից բխող ուշունցների հորդարատ անձրև Ցին դինաստիայի սերունդների սաղուսատկածի վերաբերյալ…

Հուլիսից սկսեցին քիչ թե շատ մեծացնել արտադրության ծավալներն ու ձեր խոնարհ ծառան էլ ձեռք բերեց իր հասանելիք խելախոսը։ Էս պահին արդեն 100,000-ից ավել խելախոս է վաճառվել։ Սեպտեմբերից խոստացել են նախապատվերների մեխանիզմ մտցնել, ինչն արդեն բոլոր ցանկացողներին թույլ կտա ձեռք բերել խելախոսը՝ առանց ֆորումներում բատրակային կյանք վարելու ու սրանից-նրանից «հրավեր» մուրալու։

OnePlus-One-review_021

ԽՆԴԻՐՆԵՐԸ

1. Խելախոսի առաջին ձեռքբերողներից շատերը սկսեցին բողոքել OPO-ի էկրանի ներքևի հատվածում նկատելի, էսպես կոչված՝ «դեղին բծից» (yellow tint)։ Սրա առաջացման վերաբերյալ մի քանի «աշխատանքային վարկածներ» առաջ եկան։ Մի մասն ասում էր, թե դա դիջիթայզերի ու թաչսքրինի արանքի չչորացած դեղին սոսնձի հետևանքն է։ Պարզվեց, որ և՛ Այֆոնը, և՛ Նեքսուսը, և՛ այլ հեռախոսներ էդպիսի խնդիր որոշակի խմբաքանակներում ունեցել են, կապված մեծ պահանջարկն արագ բավարարելու նկատառումներով պայմանավորված ապրանքի կոնկրետ խմբաքանակները պատշաճ ժամկետներից շուտ առաքելու ու արդյունքում ոսնձի ոչ լրիվ չորացման հետ։

Մյուսները պնդում էին, թե դա «լույսի կորստի» (light leak) հետևանք է, որն առաջանում է կրկին դիջիթայզերի ու թաչսքրինի ոչ կատարյալ հպման արդյունքում։

Վանպլյուսականները թուրութվանքով կռիվ էին տալիս, թե ոչ մի խնդիր իրականում չկա ու դեղին բիծ կոչեցյալն ընդամենը OPO-ի էկրանի «տաք» կալիբրացիայի հետևանքն է. իբր հենց էդպես էլ մտածված էր, որ գունային կալիբրացիան դեպի դեղին գույնը լինի․ էս պատերազմում չինացիք իրենց կոմունիստական անցյալից ու ներկայից բխող բոլոր մունդառ հնարքներն օգտագործեցին ու դեռ շարունակում են օգտագործել։ Դեղին էկրանի հետ կապված բոլոր գրառումները գրաքննության են ենթարկվում, միացվում են մեկ գրառման մեջ (որ մնացածների աչքին շատ չզարնի), դրա մեջ էլ առանձին գրառումներ պարբերաբար ջնջվում են էնպես, որ էջերի քանակը երբեք 200-ը չի անցնում․ Այնինչ էդ ֆորումի բաժինը թերևս ամենաակտուալն ու նայվածն է ամբողջ ֆորումում։

2. Մյուս խնիրը էկրանի multitouch-ում որոշակի խնդիրների առկայությունն էր։ 4-ից ավելի միաժամանակ հպման դեպքում հաճախ խնդիրներ էին առաջանում, խելախոսը կորցնում էր կառավարումը։ Սա ակնհակտորեն cyanogenmod-ի հետ կապված ծրագրային խնդիր էր, որը հերթական OTA թարմացմամբ ոնց որ թե հարթվեց։

3. Հաջորդը խելախոսի մարտկոցի 3100 միլիամպեր/ժամ տպավորիչ ծավալին անհամապատասխան մարտկոցի կյանքի անհամաչափ տևողությունն էր։ Նախ, CyanogenMod 11S 25R ROM-ի դեպքում, մարտկոցի կյանքն իրոք լավն էր։ Հենց մեկը ինձ չէր հաջողվում օրվա ընթացքում հեռախոսը սատկացնել. քնելուն մոտ էլի մի 15-20 տոկոս մնում էր ու դա դաժան փորձարկումներից հետ։ Հետո, օգոստոսին տարածեցին 30O ROM-ը (իր հետ բերելով android 4.4.4) ու լավ կյանքը պրծավ։ Հեռախոսն idle վիճակում 25-30 mA ծախսում էր ու շուտ էլ սատկում։ Սիանոգենմոդցիք ընդունեցին, որ խնդիր կա ու արագ բաց թողին ակտուալ 33R ROM-ը, որը, սակայն, օգտագործողների մեծամասնության կարծիքով հարցը չլուծեց։ Իմ մոտ էլ խելախոսի ոչ ակտիվ ժամանակ էլի մի 15-20 mA տանում էր։ Էս թեմայով բողոքներ եղան ու Սիանոգենմոդցիք ոնց որ թե խնդրով զբաղվում են։ Համենայն դեպս Jira-ում վիզ առան, որ հասկացել են, թե խնդիրը ինչից կլինի ու հաջորդ OTA-ով հարցը կլուծեն։

design-ergonomics

ԱՆՁՆԱԿԱՆ ՓՈՐՁՆ ՈՒ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Խելախոսս ստացա հուլիսին։ Ծախսեցի մոտ 420 դոլար՝ ներառյալ առաքումն ու եվրոպական միության հարկերը։ Լավ կամրադները բերեցին հասցրին Հայաստան։

Փաթեթավորումը հոյակապ էր՝ շատ թանկ ապրանքին հարիր։

«Դեղին բծի» խնդրից ես էլ չխուսափեցի։ Բայց հիմա, արդեն մեկ ամսից ավել օգտագործելուց հետո ոնց որ թե էֆֆեկտն իրոք թուլացել է ու ես ինքս հազիվ եմ նկատում։ Չեմ կարծում, թե սա «պլացեբոի» էֆֆեկտ է, քանի որ առաջին օրերին էնքան էր աչքի զարնում, որ, օգտվելով CM-ի հոյակապ հնարավորություններից, անջատել էի խելախոսի էկրանից դուրս գտնվող սեղմակները (թե կոճակները… capacitive button-ների մասին եմ ասում) ու միացրել ծրագրայինը։ Դա էկրանի ներքևում, որտեղ էդ դեղնությունը երևում էր, մի սանտիմետրի չափ սև զոնա էր միացնում, որի վրա անդրոիդի երեք ստանդարտ կոճակներն են, ու սույնով անտեսանելի դարղնում էդ դեղնությունը։ Հիմա էդ ֆունկցիան նորից անջատել եմ ու լրիվությամբ օգտվում եմ հինգուկես դյույմանոց էկրանն ամբողջովին օգտագործելու հնարավորությունից (մանավանդ, որ էս CM-ի միլիոնավոր customizatuion-ների ցանկում expand desktop հնարավորությունն էլ կա, որ վերևի ստատուսի շերտն էլ է թաքցնում, երբ ուզում ես)։

Մարտկոցի մասին արդեն խոսեցի վերևում։ Երեկ կերնելը փոխեցի գովաբանված ֆրանկոյի կերնելով, որը, ըստ շատերի, մարտկոցի կյանքն ահագին պիտի լավացներ, բայց ճիշտ հակառակ էֆֆեկտն եղավ. գիշերվա idle վիճակում ծախսը 50-60 mA-ի էր հասել։ Ուժս։

Էսօր դրել եմ AK կերնելը, որն, էլի, ասում են լավ ցուցանիշներ ունի։ Մասնավորապես էկրանը չօգտագործելու ժամանակ պրոցեսորի չորս միջուկներից երկուսն անջատում է, էն երկուսն էլ ցածր հաճախականությամբ աշխատեցնում։ Տեսնենք ինչ դուրս կգա չկթարմացնեմ)։ Եթե չստացվի, էլի stock-ին կանցնեմ ու կսպասեմ հերթական թարմացմանը, որը սիանոգենմոդը ոնց որ թե չի ուշացնի։

Ահավոր տպավորված եմ ֆոտոխցիկից․ էս որակի ֆոտոներ իմ ՍՈՆԻ ապարատը չի անում։ Լուրջ։ HDR ֆորմատի ֆոտոներն ուղղակի հրաշք են։ Մի խոսքով՝ մե ծծա՜ղ, մե՜ ուրախուչուն…

Էկրանը վատը չի, բայց HTC-ներին չի հասնի։ Նրանց գունային կալիբրացիան ուղղակի մահացու ա ու անգերազանցելի։ Նայելու անկյուններով էլ HTC-ն հաղթում ա։ Մյուս կողմից էս CM11S-ը էկրանի գունային կալիբրացիայի լայն հնարավորթյուններ է տալիս՝ ըստ ցանկացած ճաշակի․ Ես օգտվում եմ ու գոհ եմ։

Արագությունը հիասքանչ է ու մի բան էլ ավելի։ Առաջին անգամ, բոլոր ծրագրերս մեջը խցկելուց հետո AnTuTu Benchmark-ով ստուգեցի ու ահագին ցածր արդյունք ստացա։ Հետո հասկացա, որ խելախոսը պետք է վերամիացնել, նոր ստուգել։ Մոտ 36000-ի արդյունք գրանցեց։ 33R ROM-ով ու stock kernel-ով արդյունքը 38 հազարից ավել էր՝ բոլոր հայտնի հեռախոսների միջին ցուցանիշներից բարձր։ Franko կերնելով 45,000 ստացա, իսկ AK-ով 47,000։ Մի խոսքով, հրաշալի աշխատում է, առանց պատկերը «բռնելու», կամ անիմացիաները դանդաղեցնելու։ Էսպիսի խելախոս դեռ չեմ ունեցել։

Ի դեպ CM11S-ը հնարավորություն է տալիս նաև ընտրել թե ինչ միջավայրում ես ուզում աշխատել՝ Dalvik, թե՞ անդրոիդի կողմից նոր ներդրվող ART (Android Run Time)։ Էս վերջինը ստեղծված է Android L-ի համար ու դրա հետ էլ լայնորեն կտարածվի, բայց OPO-ի վրա առանց խնդրի աշխատեց, չնայած բետտա վիճակում է։ Բայց նաև սպասվող էֆֆեկտը չունեցավ, քանի որ Kint-kat-ի համար չի հաշվարկված (ասում են շատ օպտիմալ մարտկոցի կյանք ու արագագործություն ունի, քանի որ ծրագրերը ամեն միացնելուց ապակոմպիլավորման փոխարեն մենակ մի անգամ է էդ գործողությունն անում՝ ինսթալի ժամանակ)։

Հաջորդը պիտի անդրադառնամ CM-ի լայն հնարավորություններին՝ խելախոսում ամեն ինչ կամ՝ գրեթե ամեն ինչ ըստ քո նախասիրությունների հարմարեցնելու առումով․ օրինակ Notification light-ի գույնը, թարթելու տևողությունն ու հաճախությունը կարելի է հարմերացնել ըստ ցանկացած տիպի տեղեկացման (notification)։ Շատերը կասեն՝ թիթիզություն, բայց ինձ շատ է դուր գալիս. վայբերից բան եկավ՝ վերևում թանաքագույն լույս է թարթում, վոթսափի դեպքում՝ կանաչ, SMS եկավ՝ չեմմանումինչ այլ գույնի։ Հարմար բան է։

Կամ, օրինակ, բոլոր կոճակներին ցանկացած գործողություն կապելու հնարավորությունը։ Կամ ինտերֆեյսի, դրա անիմացիաների, պարունակության, ստատուսային շերտի, լիքքը այլ բաների բովանդակության ու տեսքի փոփոխման լայն հնարավորություններ։ Մենակ Theme Manager-ն ինչ ասես արժի՝ ուզածդ ժամանակ հեռախոսին նոր տեսք ու ոճ տալու հնարավորությամբ։

ONEPLUS-ONE-phone-600x399

ԱՄՓՈՓՈՒՄ

Սկզբից ավելի մանրամասն էի ուզում գրել, բայց հոգնեցի։ Ասելիքս էստեղ կասեմ՝ հակիրճ։

Հիմա ի՞նչ. արժե՞ր առնել, թե՞ չէ։ Միանշանակ պատասխան չունեմ։ Էս ապրանքը նմանացնում եմ 80-ականների Լամբորջինիի.  մի կողմից հաճելի է տակդ էդ գազանից ունենալ՝ գերհզոր շարժիչ, մեքենայի հռնդյուն, սպորտային արագություններ, ադրենալին, և այլն, բայց մյուս կողմից քաղաքի մեքենա չի՝ քշելը ջանջալ, դիրքդ՝ կիսապառկած։ Երբ հավես ունես արշավելու, այսինքն OPO-ն ռութելու, կերնելների հետ խաղալու, օպտիմիզացնելու, պրոցեսորների միջուկների վոլտաժը փոխելու ու էդպես շարունակ, զգում ես, որ այլ հեռախոսների վրա կձանձրանաս։ Բայց երբ էդ ամեն ինչի հավեսը չունես ու ուզում ես վերջնական վիճակի բերել խելախոսդ, մեկ մեկ նեռվայնանում ես, որ, օրինակ, 3,100 միլիամպերանոց մարտկոց ունես, որը, սակայն, երկու օր չի ձգում (HTC ONE M8 ունեցողները երդվում են, որ իրենց գազանը 2,600-ի դեպքում ձգում է), ու որպեսզի էդ հարցը լուծես, պիտի մանտիրովկան վերցնես ու մտնես փորոտիքը քրքրելու։ Կամ նեղվում ես, որ հնարավոր է էդ լպստած դիզայնը երկար թարմ տեսքը չպահի, քանի որ ամեն դեպքում վրայի նյութերը HTC-ինի որակը չունեն (ֆորումներում արդեն բողոքում են, որ հետևի «ավազաքարի» գույնի կափարիչը մաշվում ու տակիս սև պլաստիկն էցույց տալիս… չնայած դրա փոխելը դժվաչ չի)։

Էսպես ասեմ, էս հեռախոսը գնել խորհուրդ կտամ «գիքերին» միայն. սովորական կյանքի համար չի։

Ասյպիսով՝

Առավելությունները.

 

    • բարձր կետայնությամբ մեծ HD էկրան,
    • հրաշալիագույն ֆոտոխցիկներ (և՛ առջևինը, և՛ ետևինը),
    • սուպերարագ ինտերֆեյս (+ գեյմինգ),
    • գեղեցիկ դիզայն,
    • թեթև քաշ,
    • հրաշալի, հարմարեցվող ինտերֆեյս (ի դեմս CyanogenMod 11S-ի),
    • գիքային ֆունցկիաներ (հասկացողների համար),
    • արտաքին դինամինկների բարձր ձայն։

 

Թերությունները.

 

    • էկրանին շատերի մոտ դեռևս առկա «դեղին բիծ» (սա ոնց որ թե գնալով կորչում է),
    • մարտկոցի դեռ լավ չկարգավորված ռեժիմ ու հետևաբար եղած հզորության ոչ օպտիմալ ծախս (չնայած նույնիսկ սրա դեպքում մնացած հեռախոսներից երկար կդիմանա հաստատ),
    • որոշակի «կիքսեր» (իմ Dr Dre-ի Beats ականջակալների միկրոֆոնը CM11-ի հետ չաշխատեցին. սա քննարկվել է ֆորումներում, հարցից տեղյակ են, հնարավոր է լուծեն. պնդիրն առկա է iPhon-ի համար նախատեսված ականջակալների հետ. իմը դրանցից է, բայց HTC-իս հետ նորմալ աշխատում էր),
    • արտաքին տեսքի թարմության պահպանման երկարատևության հետ կապված առկա կասկածներ (չգիտեմ ինչքանով հիմնավոր),
    • խելախոսը «քոնը» սարքելու համար որոշակի գիտելիքների ու ջանքերի անհրաժեշտություն։

 

Գցեք, բռնեք…

Հ.Գ. Երեք «հրավերները», որ որպես հին չինական բատրակ ստացել եմ, արդեն սպառել եմ (համարյա սպառել եմ), սորրի…

Սկզբնաղբյուր

ONEPLUS ONE. դրոշակակիր խելախոսների չոռն ու գրողը, 10.0 out of 10 based on 3 ratings

Նշագրեր: , ,

Բաժին: Ժեշտ

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 10.0/10 (3 votes cast)

Մեկնաբանությունները փակված են

229